Խփած գոլերի առատություն, տասնմեկմետրանոցների առատություն, կարմիր քարտերի առատություն. սա վերաբերում է Չեմպիոնների լիգայի խաղարկային երկրորդ օրվան, սակայն չմոռանանք, որ երկրորդից առաջ եղել էր առաջինը՝ ոչ պակաս դրամատիկ զարգացումներով: Մի խոսքով՝ անցած երկու օրերին ֆուտբոլասերի վայելքը կատարյալ էր, ու նա, որպես ընթացք, ոչ պակաս անհանգիստ սպասումների մեջ է այս հիասքանչ խաղարկության հինգերորդ տուրի առումով:
A ԽՈՒՄԲ
«Ռեալ»-ՊՍԺ հանդիպումն այնպիսի ընթացք չունեցավ, որ, նկատի ունենալով արքայականի համար հաղթական ելքը (1:0), միանշանակ խոսես նրա գերազանցության մասին: Հակառակը, փարիզցիները գործում էին անհամեմատ ագրեսիվ, ու հենց նրանք է, որ պիտի դժգոհեն բախտ ասածից, թեպետ ընդունված է ասել, որ այն ուժեղին է ժպտում: Համենայն դեպս Բլանի գլխավորած թիմը որքան անսանձելի է ներքին առաջնությունում, կարգով ավելի բարձր մրցաշարերում դեռևս չի կարողանում հարկ եղածի պես դրսևորվել: Եվ այնուամենայնիվ, play-off տանող ճանապարհին խմբայինից հենց նա է ընկերակցելու մադրիդցիներին: Այստեղ արքայականն ունի 10, ՊՍԺ-ն` 7 միավոր:
Խմբայինում վերջապես իր առաջին միավորները վաստակեց Դոնեցկի «Շախտյորը»: «Մալմյոյի» հետ հանդիպման 4:0 հաշիվը տպավորիչ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մինչ այդ ուկրաինացիները չէին ճաշակել մրցակիցների դարպասը գրավելու բերկրանքը: Հաղթանակը երեք միավորով նրանց տեղ ապահովեց երրորդ հորիզոնականում: Նույնքան միավոր ունեն և շվեդները:
B ԽՈՒՄԲ
ԲԿՄԱ-ի նկատմամբ հաղթանակը (1:0) «Մանչեստր Յունայթեդին» հնարավորություն տվեց 7 միավորով բարձրանալու առաջին հորիզոնական: Սա ինչ-որ տեղ սպասված էր, որքան էլ մանկունիացիները ավանդորեն ծանր հանդիպումներ են անցկացնում բանակայինների հետ:
Իր հաղթանակով ¥2:0¤ խմբում բավական խառնաշփոթ ստեղծեց «Էյնդհովենը», թեև միավորներով` 6, ընդամենը հավասարվեց «Վոլֆսբուրգին»: Այստեղ սկզբունքորեն դեռ ոչինչ պարզ չէ. չորսից յուրաքանչյուրն էլ play-off դուրս գալու հնարավորություն է պահպանում: Ճիշտ է, դա անելն անհամեմատ դժվար կլինի չորս միավոր ունեցող ԲԿՄԱ-ի համար, բայց դե:
C ԽՈՒՄԲ
«Բենֆիկան» հայելայինով պատասխանեց «Գալաթասարայի» հետ Ստամբուլում ունեցած հանդիպմանը` 2:1, և 9 միավորով դուրս եկավ առաջին հորիզոնական: 4 միավոր ունեցող թուրքական ակումբի հեռանկարն ավելի մշուշոտ կարող էր դարձնել Մադրիդի «Աթլետիկոն», եթե Աստանայում տեղի համանուն թիմին միավոր վաստակելու հնարավորություն չտար: Գուցե թե խաղի ելքի վրա էապես ազդեց Աստանա տանող ավելի քան 7000-կիլոմետրանոց թռիչքը, համենայն դեպս այդ գոլազուրկ հանդիպումն «Աստանայի» համար պատմական նվաճում է, ու ղազախները երկար են վայելելու թոփ ակումբի հետ հավասար խաղալու երջանկությունը: «Աթլետիկոն» 7 միավորով երկրորդն է այստեղ: Հետագա պայքարի առումով 4 միավոր ունեցող թուրքերին համենայն դեպս դեռ վաղ է խաղից դուրս համարել, որքան էլ հեռանկարը նկատելիորեն մշուշոտ է:
D ԽՈՒՄԲ
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում շարունակում է տհաճորեն զարմացնել «Սևիլիան», թեպետ ներքին առաջնությունում էլ նրա գործերը բանի նման չեն: Սեփական հարկի տակ «Մանչեստր Սիթիի» հետ գերկարևոր հանդիպումը սևիլիացիները տանուլ տվեցին (1:3) ու դեռ հարց է` երրորդ տեղում կհայտնվե՞ն, թե՞ ոչ, քանզի նման հավակնություններ ունի և նրա բախտակիցը` Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը չկարողացավ պահպանել «Յուվենտուսի» հետ հանդիպման խաղի հաղթական հաշիվը` 1:1: Այստեղ առաջատարն անգլիական ակումբն է (9 միավոր): Նրանից մեկ միավոր է պակաս վաստակել «ծեր սինյորան»: Իսպանացիներն ու գերմանացիներն ունեն 3 և 2 միավոր:
E ԽՈՒՄԲ
ԲԱՏԷ-ի նկատմամբ «Բարսելոնի» հաղթանակը կասկած չէր հարուցում, խնդիրը միայն դրա թվային արտահայտության մեջ էր: 0:3 հաշվով պարտությունը բելառուսական թիմի համար չհամարենք չափազանց անպատվաբեր, ինչպես որ նույն տրամաբանությամբ կատալոնցիների հաղթանակը չհամարենք արտառոց կարգի: Փոխարենն այստեղ կենացները քաղցրացրին «Ռոման» ու «Բայերը», որոնք իրենց առաջին խաղում ¥Գերմանիայում¤ գոլային կատարյալ հրավառություն էին արել: Հանդիպման 4:4 հաշիվն ու դրա ձևավորման դրամատիկ ընթացքը հարկավ հիշում եք: Այս երկրորդ դիմակայությունում թիմերը եղան անհամեմատ համեստ: ՈՒթի փոխարեն գրանցվեց դարպասի «ընդամենը» հինգ գրանցում: Առավել հաջողակ եղան իտալացիները, ովքեր հաղթական գոլը խփեցին տասնմեկմետրանոցից, որն ուղեկցվեց Տոպրակին խաղից հեռացնելով: «Բարսելոնն» ունի 10, «Ռոման»՝ 5, «Բայերը»՝ 4 միավոր:
F ԽՈՒՄԲ
Գոյություն ունի արարք-անելիքի ժամ, բայց և գոյություն ունի անխուսափ հատուցման ժամ: Սրանում կանոնիրները առարկայնորեն համոզվեցին Մյունխենում, ուր գնացել էին սեփական հարկի տակ «Բավարիային» պարտության մատնելուց հետո ու հաստատ այն սպասումով, որ ևս երեք միավոր կկորզեն Գվարդիոլայի սաներից՝ դրանով իսկ ռեալ դարձնելով play-off դուրս գալու իրենց շանսը: Մինչդեռ ամեն ինչ սպասվածին հակառակ ստացվեց, այն աստիճանի հակառակ, որ «տաքսիով» վերադարձան Լոնդոն (ֆուտբոլային ժարգոնում տաքսի է կոչվում, երբ թիմը խփում կամ ընդունում է հինգ գնդակ), ու չգիտես էլ՝ գերմանացիների խփած հինգին մեկով պատասխանելը դեմք փրկե՞լ է կոչվում, թե՞ չէ (վիճակագիրների համար ասենք, որ 1982-ից հետո սա առաջին դեպքն է, որ «Արսենալը» եվրախաղարկություններում մի խաղում բաց է թողնում հինգ գնդակ: Ի դեպ, 2011 թվից այս կողմ «Արսենալի» դարպասապահ Չեխը մի խաղում բաց չէր թողել այդքան գնդակ): Համենայն դեպս «Արսենալը» ոչ թե սառը, այլ չափից դուրս սառը ցնցուղ ընդունեց «Ալյանս արենայում» ու գրեթե կորցրեց play-off դուրս գալու առանց այն էլ չափազանց աղոտ հեռանկարը:
Փոխարենը play-off դուրս գալու շանսերն էապես ամրապնդեց «Օլիմպիակոսը», որը Զագրեբի «Դինամոյին» պարտվելիս կարողացավ ոչ միայն հաշիվը հավասարեցնել, այլև առաջ անցնել: Ճիշտ է, մրցակիցը վճռորոշ գոլն ընդունեց տասը հոգով խաղալու պայմաններում, բայց դա արդեն, ինչպես ասում են, իրենց պրոբլեմն է: Խմբային երկրորդ տեղի հետ կապված հարցերն այնուամենայնիվ բաց են մնում, որովհետև հույները մրցելու են «Բավարիայի» ու «Արսենալի» հետ, իսկ «Արսենալը», այդ նույն հույներից զատ, մրցակից է ունենալու «Դինամոյին»: «Օլիմպիակոսին» այդ երկու խաղում լիուլի բավարարում է մեկ միավորը, իսկ Արսեն Վենգերի սաները պիտի ջանան առավելագույնին հասնել ու դեռ լրացուցիչ գործակիցների հարցերն էլ հօգուտ իրենց լուծել, քանզի «Օլիմպիակոսին» պարտվելու «թեթևամտություն» են ունեցել: Խումբը ներկայացնելու վերաբերյալ հաշիվներս մաքրենք՝ ասելով, որ «Բավարիան» ու «Օլիմպիակոսն» ունեն 9-ական, «Արսենալն» ու «Դինամոն»՝ 3-ական միավոր:
G ԽՈՒՄԲ
«Մակկաբիի» հետ դիմակայությունում «Պորտուն» տանտերերին շանս չթողեց: 3:1 հաշիվը դրա համոզիչ ապացույցն է: Չափազանց լարված եղավ «Չելսի»-Կիևի «Դինամո» հանդիպումը, որտեղ տանտերերի պարտությունը Ժոզե Մոուրինյոյի համար պարզապես կնշանակեր հետաձգված հուղարկավորություն: Այսպես ենք ասում՝ նկատի ունենալով լոնդոնցիների անփառունակ մրցելույթների շարքը: Ի դեպ, ասենք, որ պորտուգալացին կլինիկական մահ տարավ, երբ կիևցիները 77-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, սակայն նրա համար խոշոր բարեբախտություն էր վեց րոպե անց ժամանակին դոնեցկյան «աբկատկա» անցած (սույն հիշատակման մեջ Դոնբաս-մայր ՈՒկրաինա լարված հարաբերությունները քննության չառնել) բրազիլացի Վիլիանի կողմից դարպասի գրավումն ու հաղթանակ կորզելը, այլապես մնում էր ճշտել, հասկացաք, ինչի օրն ու ժամը: «Պորտուն» այստեղ առաջինն է 10 միավորով, նրան հաջորդում է 7 միավոր ունեցող «Չելսին»: ՈՒկրաինացիները մնացին իրենց համեստ 5-ով, որն այնուամենայնիվ այնքան էլ վատ «ցատկահարթակ» չէ երկրորդ տեղի համար պայքարը շարունակելու համար: Պարզապես մնում է, որ առավելագույնը քամեն մնացած երկու հանդիպումից:
H ԽՈՒՄԲ
«Զենիթը» շարունակում է խիզախել ու, խիզախելով հանդերձ, մնալ միակ թիմը, որն ունի բացարձակ արդյունք: «Լիոնը» սեփական հարկի տակ էլ չկարողացավ կոտրել ռուսական թիմին՝ 0:2: Դառնանք «Գենտին»: Հիմա անսպասելի էր, թե ոչ, վեց միավորով երկրորդ տեղում գտնվող «Վալենսիային» դանիական թիմը ստիպեց գլխիկոր հեռանալ խաղադաշտից: Դրան լիովին բավարարեց խփած միակ գոլը: Դանիացիներն ունեն չորս միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ